ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Պարտադիրի կիրառումը ձեռնտու է ոչ միայն կառավարությանը

Պարտադիրի կիրառումը ձեռնտու է  ոչ միայն կառավարությանը
20.06.2014 | 11:38

Առաջիկայում ԱԺ-ն կքննարկի պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները։ Կգոհացնե՞ն արդյոք գործադիրի նորամուծությունները խորհրդարանական ընդդիմությանը և, որ ավելի կարևոր է, հասարակությանը։ Սա նոր կառավարության առաջ ծառացած ամենալուրջ հարցն է։

«Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի փաթեթում կատարված փոփոխությունները իրականում լուրջ քննություն են կառավարության համար, դրանից է կախված` կվստահի՞, թե՞ ոչ նոր կառավարությանը հանրապետության երիտասարդությունը։
Մինչ ԱԺ-ի քննարկումները փորձենք վերլուծել կատարված փոփոխությունները և հասկանալ` դրանք գլոբա՞լ են, թե՞ ոչ, գործնականում օգտակա՞ր են, թե՞ ոչ։ Եվ այսպես, հիմք ընդունելով ՍԴ-ի որոշումը, ըստ որի «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում մի քանի դրույթներ ճանաչվեցին հակասահմանադրական, կառավարությունը որոշեց ուղղել այդ սխալը։ Հունիսի 17-ին գործադիրը արտահերթ նիստում որոշեց, որ պարտադիր վճարը այլևս չի գանձվելու` սահմանվել է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար 5 % դրույքաչափով։ Այլ կերպ ասած, «պարտադիր» բառը փոխարինվել է «նպատակային սոցիալական վճար» բառակապակցությամբ։ Արդյո՞ք սա միայն բառախաղ է, թե՞ բովանդակային փոփոխություն է ենթադրում։ Դժվար է ասել, ելնելով երկու պատճառից։ Առաջինը` 5 % դրույքաչափը պահպանվում է, երկրորդ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով այս հարցին, ասել է. «Սահմանադրական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը»։
Եվ եթե նկատենք, որ, ըստ նախարարի, նպատակային սոցվճարից աշխատողները չեն կարող հրաժարվել, ապա դա նշանակում է, որ այն պարտադիր է։ Այսինքն` պարտադիր բաղադրիչը պահպանված է։ Որքանո՞վ է սա սահմանադրական։ Սա կարևոր հարց է և, ըստ ամենայնի, ԱԺ-ի ընդդիմության աչքից այս խնդիրը չի վրիպի։
Այնուհանդերձ, որոշ էական փոփոխություն գործադիրն առաջարկում է։ Նոր օրինագծով նախատեսվում է նպատակային սոցվճարների կուտակային համակարգի ներդրումը սկսել պետական հատվածից։ Փոփոխության համաձայն` սահմանվել է 500000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում նպատակային սոցվճար չի կուտակվելու։ Սրանով իսկ գործադիրը հաստատում է, որ բոլորի համար առավելագույն սոցվճարը կկազմի 25000 դրամ` կախված աշխատավարձի չափից։
Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել պետական ծառայող, որը Հայաստանում ստանա 500000 կամ ավելի աշխատավարձ։ Երևի թե վերջիններս 500000 դրամ աշխատավարձ անգամ երազում չեն տեսել, իսկ 300000 դրամի մասին ուղղակի երազում են, ստացվում է, որ 100000-150000 դրամ առավելագույն աշխատավարձից 5 % մասնահանում պետք է անեն պետծառայողները։ Այս դեպքում օրենքի փոփոխությունն ի՞նչ օգուտ է տալիս նրանց։
Գուցե այս բացը լրացնելու նպատակով է, որ կառավարությունը մտադիր է հուլիսի 1-ից բարձրացնել պետծառայողների աշխատավարձը, ինչի համար պետբյուջեից հատկացվելու է 38 մլրդ դրամ։ Նկատի ունենալով առկա տնտեսական աճի նվազ տեմպը, պետք է նշենք, որ սա գործադիրի կողմից լուրջ և ծանրակշիռ քայլ է։ Հուսանք, որ 38 մլրդ դրամի ընդհանուր ավելացումը կբավարարի, որպեսզի պետծառայողների աշխատավարձերը բարձրացվեն այն չափով, որից 5 % նպատակային սոցճվար մասնահանելուց հետո աշխատողը ոչ միայն պահպանի այսօրվա եկամտի չափը, այլև այն թեկուզ մի փոքր ավելանա։ Միայն այս դեպքում է հնարավոր, որ մարդիկ աչք փակեն այն իրողության վրա, որ օրենքում նշված «պարտադիր» բաղադրիչը փոխարինվել է «նպատակային» բառով, քանի որ այսպիսով պարտադիրի լուծը մնում է աշխատողի վրա։
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա կառավարությունը որոշել է համակարգը ներդնել կամավոր` երեք տարի ժամկետով, փուլային ճանապարհով։
Եթե անկեղծ լինենք, ապա պետք է նշենք, որ նշված համակարգում փոփոխություններն ավելի էական կարող էին լինել և ժողովրդի համար ընդունելի, եթե ՍԴ-ն հստակ որոշում կայացներ։ Իսկ երբ երկրի բարձրադիր օրենսդիր կառույցի խոսքը հստակ չէ, ապա պետք է ենթադրել, որ պարտադիրի կիրառումը ձեռնտու է ոչ միայն կառավարությանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ